04 06 2020

«5-րդ ալիքի» փակումը Արցախում` քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու. Հարություն Հարությունյան. Tert.am

«5-րդ ալիքի» փակումը Արցախում` քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու. Հարություն Հարությունյան. Tert.am

Tert.am-ը գրում է. Լուրը երեկ է տարածվել, բայց ես տեղյակ էի դեռ ապրիլի 28-ից, որ հունիսի «1-ից դադարեցնելու են «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Շատ տարօրինակ է և միգուցե շատ զավեշտալի է, որ այդ տեղեկությունը ստացել էի բոլորիս հայտնի «անկախ» պատգամավորի շրջանակից: Ինքն էր խոսել իր շրջանակի մեջ և ասել էր, որ Արայիկ Հարությունյանը ամսի 1-ից անջատելու է, ես չհավատացի դրան, որովհետև դա աբսուրդ էր և չէր կարող նման բան լինել, ընդամենը քմծիծաղ տվեցի, մտածեցի, որ իր հերթական «մուտիլովկան» ա անում»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ հունիսի 1-ից ինտենսիվ շփվում է Արցախի պատկան մարմինների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը և բոլորն իրեն հավաստիացնում էին, որ դա տեխնիկական է և մի քանի օրից կկարգավորվի:

«Այդպես ինձ տեղեկացրեց նաև Արայիկ Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: Ասաց՝ հնարավոր չէ նման բան լինի, Արայիկ Հարությունյանը ինչո՞ւ պետք է նման հանձնարարություն տա, դա սուտ է և այլն: Ես կապվեցի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ, նա ասաց, թե դա իր ոլորտի հետ կապ չունի, խոստացավ, որ կփոխանցի կապի նախարարին, կապի նախարարը կզանգահարի, բնականաբար, չզանգահարեց»,- նշել է Հարությունյանը:

ՀԸ տնօրենը տեղեկացրել է, որ կապվել է նաև «Արցախ կապի» տնօրեն Ալիկ Ալեքսանյանի հետ, որն իր ուղիղ հարցին՝ հրահանգե՞լ են, որ անջատեք, պատասխանել է՝ ոչ: «Նա ասաց՝ ինչո՞ւ պետք է հրահանգեն և տեղեկացրեց՝ «միայն ձերը չենք անջատել «Շողակաթն» էլ ենք անջատել»:

«Ասացի, բայց «Շողակաթն» ինչի՞ եք անջատել, եթե ուզում էիք մերն անջատեք, անջատեք, «Շողակաթը» Հայ Առաքելական եկեղեցու ալիքն է և հոգևոր կրթույթուն, սնունդ է տալիս: Ինձ հավաստիացրեց՝ տեսնո՞ւմ եք, ուղղակի սարք է խափանվել, պատվիրել ենք այդ սարքը, որ գա կմիացվի»,- պատմել է Հարությունյանը և հավելել, որ հետո պարզել է՝ ոչ մի սարք էլ չեն պատվիրել, ուղղակի այդես են ասում:

«Բայց այսքանից հետո էլ հավատս չէր գալիս, հույս ունեի, որովհետև Վահրամ Պողոսյանն ասում էր՝ նման բան չկա, չի լինի: Երեկ երեկոյան, երբ հայտնի պատգամավորը գրեց, ես հասկացա, որ իրոք արդեն Արցախի նախագահին մարզպետի տեղ են դրել և իրենք կարողանում են թելադրել ու ստանալ իրենց ցանկալի արդյունքները, որովհետև ոչ ոք դեռ չէր հաստատել, որ «5-րդ ալիքը» փակվել է, դա հաստատեց հայտնի պատգամավորը, որի շրջանակից ապրիլի վերջից ինֆոն դուրս էր եկել»,- ասել է նա:

Հարություն Հարությունյանի կարծիքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով չի փակել Արցախում: «Ինձ հարցնում են՝ Արայիկ Հարությունյանը միգուցե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է դա արել, ես ասում եմ՝ ոչ, դա նրա հրահանգը չէ, դա ոչ թե նրա հրահանգն է, այլ քայլ է, որ հայտնի պատգամավորի միջոցով հավատարմության պատրաստակամություն ցույց տան այսօրվա իշխանություններին, որը նողկալի է: Այստեղ շատ խորքային է հարցը. արգելել են Հայ Առաքելական եկեղեցու ձայնը և ազգային, նորմալ մտածողություն ունեցող հեռուստաընկերությունը: Այլապես ինչո՞ւ պետք է փակեին: «5-րդ ալիքի» չափ ոչ ոք Արցախյան իրադարձությունները չի լուսաբանել՝ գյուղատնտեսությունից մինչև քաղաքականություն ու այնքան զգույշ ենք մենք լուսաբանել, որ Արցախին մեր լուսաբանմանբ չվնասենք՝ ի տարաբերություն շատ շատերի»,- շեշտել է նա:

Հարությունյանն ընդգծել է. «Փաստորեն մեր ալիքը Արցախում փակվել է մութ գործարքի արդյունքում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, սակայն որոնք այսօր զբաղվում են ոչ թե նման բաներով այլ գնում տանիք են չափում, երեխաների խաղահրապարակում հավաքներ են ցրում»:

Նա նշել է, որ ամեն դեպքում ՀԸ-ի հեռարձակումը դադարեցված է և ոչինչ չի կարող անել: ««5-րդ ալիքը» Արցախում մեծ հեղինակություն էր վայելում, չեմ գովաբանում մեզ, բայց դա այդպես է և «5-րդ ալիքի» քայլարշավը փորձում են դադարեցնել Արցախից, հետո ինչ է լինելու՝ ես կարող եմ ենթադրել: Շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվելու մենք և հատկապես Արցախը: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու այն ժամանակ Արցախի նախագահին մարզպետ անվանեցին և պատասխան չստացան: Այսօր հայտնի պատգամավորը փաստեց, որ Արցախի նախագահն իր համար մարզպետ է, իսկ մարզպետների ժամանակ գիտենք՝ ինչեր կարող է լինել, ինքը որևէ բանի համար կարող է պատասխանատվություն չկրել, ձերբակալութունների, որ ապագայում հնարավոր է լինեն Արցախում, վերջապես ինքն էր նշել՝ «հեղափոխությունը հաղթանակում է Արցախից»: Այդ հեղափոխությունն իրենք Արցախ են ուզում տանել, սպասենք հետագա զարգացումներին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ երեկ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արցախում «5-րդ ալիք»-ի հեռարձակումը դադարեցվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ